Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ են մերժել Մայր Աթոռի դեմ Փաշինյանի պայքարին միացած Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը


Ի՞նչ հիմքով է դատարանը մերժել Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցը, որ ներկայացրել էր Գլխավոր դատախազությունը, դատարանից հրաժարվում են ասել: Դատալեքսում այս տեղեկատվությունը փակ է: Դատարանից էլ հրաժարվեցին որոշումը «Ազատությանը» փոխանցել կամ հիմքերը հրապարակել:

Նավասարդ Կճոյանի ապօրինի գույքի վերաբերյալ հայցը մերժվել է անցած տարի: Դատախազությունն էլ, որ որոշումները բողոքարկում է մինչև վերին ատյան, այս դեպքում քայլ չի արել, չի բողոքարկել: Ինչո՞ը, դատախազությունը հիմնավո՞ր է համարել մերժման հիմքերը՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ այդ ժամանակ գլխավոր դատախազի տեղակալն էր, նույնպես պատճառներից չխոսեց. «Եթե չեմ սխալվում, մենք չենք բողոքարկել»:

Դատարանի մամուլի խոսնակն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ գործը քննել են դռնփակ նիստում, այդ պատճառով էլ բովանդակությունը չեն հրապարակում: Կողմե՞րն են պահանջել, ինչո՞ւ է որոշվել Արարատյան թեմի առաջնորդին առնչվող հայցը փակ քննել, երբ ապօրինի գույքի բռնագանձման մյուս հայցերը քննում են դռնբաց, որոշումներն էլ հրապարակում: Խոսնակը պատճառը չասաց:

Նախկին իշխանություններին փոխկապակցված հոգևորականը, որ հանրությանը հայտնի էր «Բենթլիով», միացել է Մայր Աթոռի դեմ Փաշինյանի պայքարին, ու վարչապետը հրապարակային կասկածներ չի հայտնել նրա գույքին առնչվող հայցի ընթացքով: Հրապարակային հաշվետվություն դատարանից ու դատախազությունից չի պահանջել:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կասկածներ ունի, որ գուցե գործը ընթացք չի ստացել եկեղեցու դեմ վարչապետի արշավին միանալու համաձայնությունը ստանալու պայմանով:

«Ի՞նչն է եղել պատճառը, որ գործը դատարանը մերժել է, և երկրորդ՝ իսկ ինչո՞ւ դատախազությունը չի բողոքարկել, որովհետև դատախազությունն ապրում է մոլուցքով՝ բողոքարկել ամեն ինչ, անգամ ամենահիմնավոր դատական ակտերը մինչև վճռաբեկ դատարանը: Այստեղ լուրջ կասկածներ կան՝ արդյոք դրա տակ չկա՞ պայմանավորվածություն: Գուցե այս նպատակին համաձայնության հասնելու՝ հեռահար նպատակ կար այսօր նրա համաձայնությունը ստանալու ինչ-որ պրեցեսներին մասնակից դառնալ, գուցե այլ պրոբլեմներ կան: Հիմա հնարավոր չէ հստակ պատասխան ստանալ, բայց բոլոր հիմքերը կան հիմնավոր կասկածի համար, որ այստեղ եղել է նաև կոռուպցիոն ռիսկ», - «Ազատությանն» ասաց «Նժար» սահմանադրական շարժման հիմնադիրը:

Նա պնդեց՝ քրեական գործերն ու կասկածներն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաղաքական նպատահարմարությամբ են ընթացք: Կարապետյանցը շեշտեց՝ եկեղեցու դեմ Փաշինյանի նպատակներին միացած հոգևորակնների մասին Փաշինյանի ու նրա թիմակիցների փոխված հռետորաբանությունն էլ է այդ մասին վկայում, յուրայիններին՝ ոչինչ:

«Իշխանությունների լռությունը կամ իշխանական ներկայացուցիչների, հատկապես նրանց, ովքեր ժամանակին հստակ թիրախավորում էին, անշուշտ իրենց լռությունը, իրենց խոսքի փոփոխությունը հուշում է նաև, որ այդքան էլ վատ չեն վերաբերվում նրան, որ քրեական գործերը ինչ-որ մարդկանց վերաբերյալ կարող են այսպիսի ավարտ ունենալ», - հավելեց իրավապաշտպանը:

Արքեպիսկոպոս Կճոյանը հայտնի օֆշորային գործով էլ է արդարացվել, բարձրաստիճան հոգևորականը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափով խարդախության և փողերի լվացման համար:

Այսօր էլ FactorTv-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Նավասարդ Կճոյանին ամռանը ուրիշ մեղադրանք էլ են առաջադրել այն շրջանում, երբ Փաշինյանը կաթողիկոսի հրաժարականն է սկսել պահանջել: Ըստ այս գործի՝ արքեպիսկոպոսն Արարատյան հայրապետական թեմից գումար է կանխիկացրել ու տուն գնել։ Կճոյանն էլ, ըստ լրատվամիջոցի, համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է, որ այդ գումարը փոխանցել է ծնողազուրկ երեխաների ֆոնդին: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով այս տունն էլ է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG