ՀՀ-ԵՄ փաստաթուղթը միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության ջանքերին. Երևանն արձագանքում է Բաքվին

Բրյուսել, 2-ը դեկտեմբերի, 2025թ.

Ռազմավարական օրակարգն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանն այսպես է արձագանքել պաշտոնական Բաքվի երեկվա հայտարարությանը, որտեղ ակնկալել էին 8 օր առաջ Երևանի ու Բրյուսելի ստորագրած փաստաթղթից հեռացնել «այսօրվա իրականությունը չարտացոլող դրույթները»: Բաքուն պնդում է, թե այդ փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին:

«Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը։ Ակնհայտ է, որ սա ինքնին միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին», - հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:

Բադալյանը նկատել է, թե ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունները սկզբունքորեն ավարտվել էին դեռ հունիսին: Իսկ հայ-ադրբեջանական վաշինգտոնյան պայմանավորվածությունները օգոստոսին ձեռք բերվեցին:

Հայաստանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը նաև ընդգծել է, որ Եվրամիությունը վերահաստատել է իր ամուր աջակցությունը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության ամրապնդմանը։

«Հատկանշական է, որ նույն օրը կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ, ի հավելումն այլ առիթներով արտահատված աջակցության, ԵՄ-ն ողջունել է օգոստոսին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթաժողովում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պատմական հանգրվանը, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրումը», - նշել է Անի Բադալյանը:

Բաքվին ի պատասխան հրապարակված հայտարարությունում ԱԳՆ խոսնակը շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ խոսքը այստեղ Հայաստանի ու Եվրամիության երկկողմ որոշումների մասին է, ու դրանք համարել խաղաղությանը նպաստող, ոչ թե հակասող, ինչպես Բաքուն էր ձևակերպել:

Երևանի արձագանքում ոչ մի բառ չկա փաստաթուղթը Բաքվի պատկերացումներով խմբագրելու՝ Ադրբեջանի շատ ուղիղ հնչեցրած ակնկալիքի մասին:

Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալլասի գրասենյակ «Ազատություն»-ը հարցում է ուղարկել՝ ճշտելու նաև բարձր ներկայացուցչի կարծիքը Բաքվի հայտարարության մասին՝ արդյո՞ք դա միջամտություն չի համարում ԵՄ-ի և Հայաստանի երկկողմ հարաբերություններին ու օրակարգին: Հնարավո՞ր է, որ փաստաթղթում ձևակերպումներ փոխվեն, ինչպես Ադրբեջանն է ակնկալել:

Բաքուն մասնավորապես դժգոհ է ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթղթում «Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունից հետո տեղահանված Ղարաբաղի հայեր» ձևակերպումից, հայ գերիների ազատ արձակման հարցն իբրև առաջնահերթություն դիտարկելուց, փաստաթղթում TRIPP-ը չհիշատակելուց, Հայաստանում եվրոպացի դիտորդների առաքելությունը դադարեցնելու փոխարեն այն շարունակելու ծրագրերից:

Եվրամիության անզեն դիտորդական առաքելության վերջնաժամկետը մինչև 2027 թվականի փետրվարն է: Կալլասի գրասենյակին «Ազատություն»-ը նաև հարցրել է՝ հնարավո՞ր է, որ դիտորդները լքեն Հայաստանը մինչև 2027-ի փետրվարը, թե՞ պլանավորում են երկարաձգել առաքելությունը, նրանք շարունակելո՞ւ են դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանը, թե՞ առաքելության ձևաչափը կփոխվի:

Այս ու մյուս հարցերին դեռ պատասխան չենք ստացել:

Մինչ ադրբեջանցիները ԵՄ-Հայաստան արդեն ստորագրված երկկողմ փաստաթուղթը խմբագրելու պահանջ են ներկայացնում, Երևանի հռետորաբանությունը չի փոխվում:

«Խաղաղությունը հաստատված է, խաղաղությունը հաստատված է», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհրդարանի խոսնակը չի կարծում, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը կարող է հետաձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը:

«Էդ պոզիտիվ տրամադրվածությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի կողմից կա: Այն մտահոգությունները, որոնք որ մեր մոտ են հնչում, միգուցե մի քիչ այլ ձևակերպումներով նաև հնչում են Ադրբեջանում: Ուստի մենք պետք է շարունակենք քննարկումները, որպեսզի մեկս մյուսի մտահոգությունները փարատենք, ինչպես նաև վստահության վերականգնման ճանապարհ անցնենք, որը, կարծում եմ, հեշտ չի լինելու, բայց իրագործելի է», - ասաց Սիմոնյանը:

Գերմանիայիում գտնվող Նիկոլ Փաշինյանը պատմել է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագծի իրականացման շուրջ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններից, փակագծեր բացել, թե ինչպես է կոչվելու հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը. - «TRIPP Company-ն կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի կանցնենք փաստացի իրականացման և շինարարության փուլին»։

Ընդդիմադիրները, մինչդեռ, Ադրբեջանի պահանջը կոնկրետ Հայաստանի ներքին գործերին միջամտություն են համարում:

«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը իշխանության լավատեսությունը չի կիսում. - «Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել: Այս պայմաններում խոսել, որ Ադրբեջանը ձգտում է Հայաստանի հետ խաղաղության, մեղմ ասած՝ գերլավատեսական է: Երկրորդ հարցը՝ ինձ համար շատ հետաքրքիր է՝ ինչպե՞ս են Հայաստանի՛ իշխանությունները հայտարարում, որ իրենք և Ադրբեջանը գնում են դեպի խաղաղություն, եթե նույնիսկ իրենց նախաստորագրած և ստորագրած երկու փաստաթղթերի նկատմամբ ունեն արմատապես տարբեր մեկնաբանություններ»:

«Ահա առաջին ճիչը, առաջին արձագանքը Հայաստան-ԵՄ նոր ստորագրված փաստաթղթի վերաբերյալ: Այսինքն, ի՞նչ պետք է անենք՝ պետք է մեր բոլոր հարաբերությունները համապատասխանեցնենք Ադրբեջանի պայմաններին», - հայտարարեց արտախորհրդարանական «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական դեռևս նախաստորագրված համաձայնագրից էր արդեն պարզ, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակվում է:

«Հետևաբար, ի՞նչ պետք է անեինք՝ չպետք է ստորագրեինք Ադրբեջանի հետ մի փաստաթուղթ, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սահմանափակում է Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ի հետ շփումներում, և նաև ապագայում դուք կտեսնեք, թե ինչ հարցերով ինչ սահմանափակումներ ենք մենք ունենալու: Ձեզ ամեն օր խաբում էին, որ «մենք ձեզ տանում ենք ԵՄ, ահա», և ինչ է տեղի ունենում՝ իրենց ստորագրած, դեռ չստորագրած, է, անգամ, նախաստորագրած փաստաթղթով մեր ճանապարհը դեպի ԵՄ, ԵՄ-ի հետ հարաբերություն, ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացում սահմանափակվում է Ադրբեջանի պահանջով: Իսկ մինչ օրս Ադրբեջանի բոլոր պահանջները Հայաստանի Հանրապետությունը հերթով բավարարել է», - ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երևանն արձագանքեց Բաքվին. ՀՀ-ԵՄ փաստաթուղթը միայն նպաստում է տարածաշրջանում խաղաղության ջանքերինԲաքուն հայտարարում է՝ ԵՄ-Հայաստան փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգինԿայա Կալլաս. Հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որն ուղղվելու է խաղաղությանը և ավելի դիմակայուն ՀայաստանինՄիրզոյանն ու Կոսը քննարկել են ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները«Մենք կակտիվացնենք աշխատանքներն՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին». ԿոսԻ՞նչ է նախատեսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր փաստաթուղթը. մանրամասներ ԲրյուսելիցԵրևանն ու Բրյուսելը համագործակցության նոր փաստաթուղթ ստորագրեցինԲրյուսելում կայացել է Միրզոյանի և Կալլասի առանձնազրույցը