Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։
«Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է», - կառավարության փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետը:
Նա շեշտել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար: Փաշինյանի համոզմամբ՝ «տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ», և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։
Նա կարևորել է նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը:
Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին Աստանայում հայտնել էր տարանցման արգելքը հանելու որոշման մասին: Փաշինյանը իր հերթին Թուրքիայից Ադրբեջան ու հակառակ ուղղությամբ ՀՀ տարածքով տարանցում ապահովելու պատրաստակամություն էր հայտնել: