Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պնդում է՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը կատարողների անունները 1999-ին էլ գիտեին, հետևաբար Քննչական կոմիտեն թող հայտարարի, թե ո՞վ է սպանության պատվիրատուն:
«Մեզ պատվիրատուի անունն է պետք, բա ասում են՝ 15 հազար դոլար են տվել, ո՞վ է տվել էդ դոլարները», - հարցնում է Բաբայանը:
Սամվել Բաբայանի խոսքով՝ Խորխոռունու սպանության գործի շրջանակներում Քննչական կոմիտեի կողմից ձերբակալված Սասուն Առուշանյանը կրկին Խորխոռունու սպանության գործի շրջանակներում 1999-ի սեպտեմբերին ձերբակալվել էր և 9 ամիս կալանքի տակ մնացել:
Քննչական կոմիտեն երեկ հայտարարեց, թե բացահայտել են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Խորխոռունու 27 տարվա վաղեմության աղմկահարույց սպանությունը: Նա սպանվել էր 1998-ի դեկտեմբերի 9-ի երեկոյան Երևանում՝ իր տան շքամուտքում: Նրա վրա 5 կրակոց էր արձակվել, 3-ը՝ դեմքի, 2-ը կրծքավանդակի շրջանում:
Քննչական կոմիտեն նշել է, թե Ս.Ա.-ն, որն ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Սասուն Առուշանյանն է, լինելով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը: 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այդ կապակցությամբ նա պայմանավորվածություններ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներ Հ.Ն.-ի և Ա.Ա.-ի հետ և սպանություն կատարելու համար նրանց առաջարկել է համապատասխանաբար 10 հազար ԱՄՆ դոլար և 15 հազար ԱՄՆ դոլար գումար: Սասուն Առուշանյանը ձերբակալված է:
«Եթե Քննչական կոմիտեն հոսք է տալիս, թող պատվիրատուի անունը հոսք տա: Կատարողներին բոլորն էլ իմացել են, ձերբակալել են, 9 ամիս քննել, հետո բաց թողել: Ո՞վ է եղել էդ մեծ պապան, որ կարողացել է բաց թողնել: Թող դա բացահայտեն ու քննությունը էդ ուղղությամբ տանեն»,- ասում է Բաբայանը:
Նախկին բարձրաստիճան զինվորականը պատմում է, որ դեռևս 1999 թվականի սեպտեմբերին, Հայաստանից քննիչ է եկել Լեռնային Ղարաբաղ ու ասել, որ Սասուն Առուշանյանը, Հրանտ Նարիմանյանը և նրա եղբայրը կասկածվում են Խորխոռունու սպանության մեջ, և նրանց պետք է ձերբակալել: Իրենք էլ վերջիններիս Հայաստան են ուղարկել:
«Կա՛մ մեզ ուզում են էշի տեղ դնել, կա՛մ ինֆորմացված չեն... 99-ին Բաբայան ազգանունով քննիչը եկել է Արցախ, ասել է այ էդ 3 հոգու անուն ազգանունները՝ Սասուն Առուշանյան, Հրանտ Նարիմանյան ու իր եղբայրը, էդ 3-ի հարցը դրել են, որ կասկածվում են Խորխոռունու սպանության գործով: Էդ պահին ոչ մեկը արդեն զինվորական չի եղել, Սասունն էլ չի եղել, արդեն հանել էին: 99-ի սեպտեմբերին էդ մարդկանց հանձնել ենք քննչականին: Էդ մարդիկ 9 ամիս նստել են, քննվել են, 2000-ի մայիսին նրանց բաց են թողել, ինձ հետաքրքիր է՝ ով է միջնորդել, որ բաց են թողել»,- նշում է Բաբայանը:
Իսկ ո՞վ է Խորխոռունու սպանության գործով ձերբակալված Սասուն Առուշանյանը: Քննչական կոմիտեն մանրամասներ չի հաղորդում, միայն նշում է, որ Ս.Ա.-ն զինծառայող է եղել: Պարզ չէ նաև, թե նա ինչ «շահադիտական շարժառիթով» է կազմակերպել Խորխոռունու սպանությունը, իրավապահները գործի մանրամասները չեն հայտնում:
Սամվել Բաբայանն ասում է, որ ինչպես այն ժամանակ, հիմա էլ որոշ շրջանակներ փորձում են ձերբակալված Սասուն Առուշանյանի անունը կապել իր հետ, մինչդեռ նրա հետ ինքը որևէ կապ չի ունեցել:
«Առաջին հերթին նա Բակո Սահակյանի վարորդն է եղել Արցախում, հետո շտաբում վարորդ է եղել, հետո դարձել է սպա», - ասաց Բաբայանը:
Վահրամ Խորխոռունին 1998-ին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի տեղակալն էր: Այն ժամանակ մամուլը այս սպանությունը որակել էր քաղաքական՝ գրելով, թե Վազգեն Սարգսյանը քաղաքական շարժում ղեկավարելու հայտ է ներկայացրել, և որ նրա քայլերից են կախված 99-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Եվ որ սրանով մրցակիցները զգուշացնում են նրան:
Այն ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Բաբայանը մինչդեռ կարծում է, որ փոխնախարարի սպանությունը քաղաքական չէր.- «Ես ինչքան գիտեմ, իրենց մեջ տնտեսական խնդիրներ են եղել»:
Ի դեպ, Քննչական կոմիտեն, մանրամասներ չհաղորդելով 27 տարվա վաղեմության սպանության գործի շուրջ, հատուկ շեշտում է՝ ներկայումս ուսումնասիրվում են նախկինում կատարված, հանրային հնչեղություն ստացած այլ սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները:
Վերլուծաբանների համոզմամբ՝ սա ուղղակի կապ ունի 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլի և իշխանության համար պայքարի հետ: