Մատչելիության հղումներ

Հացադուլը՝ բանտում բողոքի միջոց. Սերգեյ Աբրահամյանը պնդում է՝ իրեն վերագրվող մեղադրանքը իրականությանը չի համապատասխանում


Հայաստանի տասը բանտերում 12 մարդ հացադուլի մեջ է, նրանց ուղիղ կեսը այս ծայրահեղ քայլով բողոքում է հարուցված քրեական գործից ու դատավճռից։ Սրանք այս պահի տվյալներն են:

Իրավապահների անարդարությունից բողոքող անձանցից մեկն էլ 39-ամյա Սերգեյ Աբրահամյանն է: Հացադուլ սկսելուց առաջ նա «Արմավիր»-ի բանտից զանգահարել էր «Ազատություն» ու հայտարարել՝ առողջական վիճակը թույլ չի տալիս այդ ծայրահեղ քայլին գնալ, բայց ուրիշ ելք չի տեսնում: Պնդում է՝ մեղադրանքը, թե ինքը հարվածել ու հայհոյել է քննիչին և կծել ոստիկանի ձեռքը, իրականությանը չի համապատասխանում:

«Պետական մարմնի տեսախցիկներն ասել են՝ չի ձայնագրել, կնոջս ձեռքից հեռախոսը վերցրել են, վիդեոները ջնջել են, իրանց ցուցմունքների հիման վրա 20 օրում 2 հատորանոց գործ են կազմել, աշխարհի հոդվածները գրել վրես», - ասաց Աբրահամյանը:

Այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեն է քննում: Վարույթն ավարտվել է, գործը փոխանցվել հսկող դատախազին, որ հաստատի ու դատարան ուղարկի: Ըստ մեղադրանքի՝ Սերգեյ Աբրահամյանի եղբայրը քրեական գործերից մեկի շրջանակում հրավիրվել է հարցաքննության, նրա հետ Արմավիրի Քննչականի բակ հասած Սերգեյ Աբրահամյանը ալկոհոլ օգտագործած վիճակում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել: Եղբորը հարցաքննության հրավիրած քննիչը դուրս է եկել շենքից, փորձելով պարզել, թե ինչ է պատահել: Աբրահամյանը, ըստ մեղադրանքի, շարունակելով հակաիրավական վարքագիծը, նաև քննիչին է հայհոյանքներ ուղղել ու հարվածել նրա թիկունքին:

Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ միանգամից 3 հոդվածով: Նրան մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանը մեղքն ապացուցված համարի: «Ազատության»-ը, մի քանի այլ լրատվամիջոցների և բարձրաստիճան պաշտոնյաների բանտից արդեն 3 նամակ ուղարկած Աբրահամյանը պնդում է՝ քննիչն է սադրել, ինքն էլ պատասխան հայհոյել է, հերքում է, թե հարվածել է, նաև հավելում է՝ չէր կարող կծել ոստիկանի ձեռքը, որովհետև ավելի վաղ հենց իրավապահներն են կոտրել իր ատամները:

Երկամսյա կալանքում գտնվող Աբրահամյանն ասում է՝ մեկ այլ գործի շրջանակներում, այդ նույն քննիչի միջնորդությամբ՝ ամիսներ առաջ իրեն են ոստիկանները բերման ենթարկել՝ բռնություն կիրառելով: Դրանից հետո, իր բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել՝ խոշտանգման հատկանիշներով: Այս գործով Սերգեյ Աբրահամյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են մի քանի ոստիկան նրան գետնին պառկեցրել, սեղմել պարանոցն ու այտը, որ ձեռնաշղթաներ հագցնեն:

Արդեն 8 ամիս Քննչական կոմիտեում քննվող այս գործի շրջանակներում Աբրահամյանը տուժող է ճանաչվել, բայց կադրում երևացող ոստիկաններից ոչ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի, նրանք շարունակում են աշխատել: Բանտից «Ազատությանը» հարցազրույց տված տղամարդը պնդում է՝ սա հաշվեհարդար է նույն քննիչի ու ոստիկանների կողմից, որ նախորդ գործով բողոքը հետ չի վերցրել:

«7 ամիս է՝ այդ նույն անձինք, ովքեր ցուցմունք են տվել իմ նկատմամբ, հենց այդտեղ բղավում էին՝ մինչև վերջ գնալու ենք, տարել են մինչև գիշերվա 2:30 պահել են Արմավիրի վարչությունում քննչական գործողությունից հետո, ուզեցել են այնպես անեն, որ բողոքս հետ վերցնեմ: Ուզում է՝ հինգ հատ սպանության հոդված դնեն, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն», - ասաց նա:

«Ազատություն»-ը փորձել է նաև քննիչ Հակոբ Հովհաննիսյանի կամ նրա փաստաբանի տեսակետը լսել, բայց պատասխան չենք ստացել: Աբրահամյանը հարցնում է՝ ինչպես է ստացվում, որ իրեն բռնության ենթարկելու գործը, որում ինքն է տուժող, ամիսներով ձգձգվում է, ու ոչ ոք չկա բանտում, բայց այս գործը, որով տուժողը քննիչն է, արագ ընթացք է ստացել ու ինքն արդեն 2 ամիս բանտում է: Կասկածներ ունի, որ մյուս կողմը կբողոքարկի ու իր կալանքի ժամկետը կրկին կերկարաձգվի: Այս գործով, ասաց, փաստաբան չունի:

«Բնակարանն ուզում եմ զալոգ դնեմ, լիազորագրի դիմում եմ գրել, ցրի-ցրի են անում, չեն ուղարկում ՊԵԿ-ին պատասխանը, որ գոնե տունս գրավ դնեմ, փաստաբան վարձեմ», - նշեց Աբրահամյանը:

Ընդհանուր առմամբ՝ այս տարվա 9 ամիսների ընթացքում, Հայաստանի տասը բանտերում 188 մարդ հացադուլ է հայտարարել: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, որ տարիներ շարունակ բանտերում դիտորդություն իրականացնող խմբի կազմում է եղել, ասում է՝ նրանց մեծ մասը նախ առողջական խնդիրներից են բողոքում, հետո՝ քրեական գործերից ու դատավճռից: Սերգեյ Աբրահամյանը պնդում է, եթե փաստաբան ունենա, իր անմեղությունը դատարանում արագ կապացուցվի, բայց դատական գործերը երկար են տևում, ինքն էլ տան միակ աշխատողն է ու 3 անչափահաս երեխա ունի:

Որ դատարաններում գործերը երկար են քննվում, հաստատում է նաև իրավապաշտպան Հովհաննիսյանը: Հիշեցնում է՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ, Հայաստանի տասը բանտերում պահվող 2836 անձանց կեսից ավելին՝ 1441-ը կալանավորի կարգավիճակ ունի, այսինքն՝ նրանք անազատության մեջ դեռ սպասում են դատարանի վերջնական վճռին:

«Դատական գործերն իրենց կարծիքով այդքան էլ օրինականության սահմաններում չեն հարուցվել կամ ընթանում, միևնույն ժամանակ ժամկետները ձգձգվում են ու իրենք ավելի երկար են մնում թեկուզ կալանավորված վիճակում, անազատության մեջ, ու անորոշությունը բավական երկար ընթանում է», - ասաց իրավապաշտպանը:

Վերջերս նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էր ընդունել, որ Հայաստանում ուշացած արդարադատությունը դեռ խնդիր է. «Մոտ ապագայում մեր երկրում բոլոր դատավարությունները ունենալու են հստակ ժամկետ»:

Սերգեյ Աբրահամյանի համոզմամբ՝ եթե ոստիկանների մասնակցությամբ խոշտանգման հատկանիշներով հարուցված քրեական գործը չձգձգվեր ու նրանք պատասխանատվության ենթարկվեին, ինքն այսօր նույն քննիչի թիրախում չէր հայտնվի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ՝ 80 ոստիկանի պաշտոնի դրույքաչափի մինչև 3 ամիս նվազեցում և կոչման իջեցում է կիրառվել: 46-ը ծառայությունից ազատվել է: Մի քանի հարյուրը նկատողություն և խիստ նկատողություն է ստացել: Եվս 27 ոստիկան էլ աշխատանքից ազատվել է՝ դատարանի ուժի մեջ մտած վճիռներով:

Այս վիճակագրությունում նշված չէ, թե այս ոստիկնաններից քանիսն է անհամաչափ ուժ կիրառել կամ խոշտանգել քաղաքացիներին: Բայց իրավապաշտպանները պնդում են, այդպիսի գործերով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ոստիկաններից մի քանիսը հետագայում բարձր պաշտոններ են զբաղեցրել


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG