Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ԱՄՆ-ին են ներկայացրել խաղաղության պլանի նոր տարբերակ, որում նշվում է, թե տարածքային ինչ զիջումների է պատրաստ Ուկրաինան խաղաղության հասնելու համար, հայտնել է Գերմանիայի կանցլերը՝ չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը:
Ֆրիդրիխ Մերցը պարզաբանել է, որ երեկ, երբ եվրոպացի առաջնորդները տեսակապով խոսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, նա դեռ տեղյակ չէր դրա մասին, քանզի փաստաթուղթը դեռ չէր ուղարկվել Վաշինգտոն, այն ուղարկվել է ավելի ուշ:
«Այդ առաջարկում գլխավոր հարցն այն է, թե տարածքային ինչ զիջումների է պատրաստ գնալ Ուկրաինան։ Սակայն սա այն հարցն է, որին պետք է պատասխանեն առաջին հերթին Ուկրաինայի նախագահը և ուկրաինացի ժողովուրդը։ Մենք սա հստակեցրինք նախագահ Թրամփին», - ասել է Մերցը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարին առաջարկել են ամերիկյան կողմի հետ փաստաթղթերը վերջնական տեսքի բերել շաբաթավերջին:
Կոշտ խոսակցություն է կայացել՝ ըստ Թրամփի
Եվրոպացի առաջնորդների հետ քննարկումից հետո երեկ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կոշտ խոսակցություն է ունեցել նրանց հետ և խոստովանել, որ որոշ տարաձայնություններ կան: ԱՄՆ նախագահն ասել է, որ եվրոպացի ղեկավարներն առաջարկել են շաբաթավերջին հանդիպում կազմակերպել Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ: Սակայն, Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ որոշում կկայացնի եվրոպացիներից պատասխան ստանալուց հետո միայն, քանզի չի ցանկանում ժամանակ վատնել:
«Նրանք ցանկանում էին, որ մենք այս շաբաթավերջին հանդիպենք Եվրոպայում։ Եվ մենք որոշում կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչ կներկայացնեն մեզ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել», - ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է իրատեսորեն նայի իրավիճակին, և հիշեցրել, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա ասել, որ երկրում «լայնածավալ կոռուպցիա» կա։
Զելենսկին հայտարարել է՝ թույլ չի տա որևէ շահարկում Ուկրաինայի դեմ
Ու մինչ Թրամփը կրկին խոսում է ընտրությունների մասին, Զելենսկին Գերագույն ռադայի պատգամավորների հետ քննարկել է հարցը, ապա հայտարարել, որ սպասում է նրանց առաջարկներին։ Երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ թույլ չի տա որևէ շահարկում Ուկրաինայի դեմ, ու եթե Կիևի գործընկերները, այդ թվում՝ գլխավոր գործընկեր ԱՄՆ-ն, այդքան շատ են խոսում ռազմական դրության պայմաններում ընտրությունների անհրաժեշտության մասին, ապա Ուկրաինան պետք է պատասխանի յուրաքանչյուր հարցի և կասկածի։
«Դա հեշտ չէ, անշուշտ, բայց մեզ այս հարցում ճնշում պետք չէ։ Ես ակնկալում եմ, որ Ուկրաինայի խորհրդարանականները կներկայացնեն իրենց տեսակետը: Անվտանգության խնդիրները կախված են գործընկերներից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, քաղաքական և իրավական հարցերը Ուկրաինայի տիրույթում են», - նշել է նա:
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ տեսակապով քննարկել են Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերը, նաև խաղաղության 20 կետանոց շրջանակային համաձայնագիրը: Զելենսկին արդյունավետ է որակել քննարկումը, որին ամերիկյան կողմից մասնակցել են ֆինանսների նախարարն ու ԱՄՆ նախագահի փեսան։
ԱՄՆ-ՌԴ բանակցությունները «կենտրոնացած են ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու համար երկարաժամկետ լուծում գտնելու վրա»
Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեռ ծանոթ չէ ամերիկյան ծրագրի ընթացիկ տարբերակին և ցանկանում է, որ համաձայնեցվի փաստաթղթերի այնպիսի փաթեթ, որը հիմք կդառնա երկարաժամկետ և կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, նաև անվտանգության երաշխիքներ կապահովի բոլոր կողմերին: Սերգեյ Լավրովը եվրոպացի առաջնորդներին քննադատել է՝ պնդելով, որ նրանք նույնիսկ չեն հիշատակում ուկրաինական հակամարտության հիմնապատճառները և պահանջում միայն մեկ բան՝ անհապաղ դադարեցնել մարտերը, որպեսզի Ուկրաինան մի փոքր շունչ քաշի, իսկ Եվրոպան այդ ընթացքում շարունակի զինել նրանց։
Խնդրի ցանկացած լուծում պետք է վերացնի հակամարտության հիմնապատճառները, պնդել է Լավրովը. «ԱՄՆ նախագահի և նրա թիմի հետ մեր բանակցությունները կենտրոնացած են հենց այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու համար երկարաժամկետ լուծում գտնելու վրա»:
Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստան ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի վերջին այցից հետո Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև որևէ «թյուրըմբռնում» չկա:
Ամերիկյան The Wall Street Journal-ն իր աղբյուրներին հղումով հայտնում է, որ ԱՄՆ-ն մի քանի փաստաթուղթ է փոխանցել Եվրոպային, որոնցում ուրվագծվում է հետպատերազմյան շրջանում Ուկրաինայի վերականգնման և համաշխարհային տնտեսություն Ռուսաստանի աստիճանական վերադարձի իր տեսլականը։
Փաստաթղթերից մեկը նկարագրում է մեխանիզմ, որով ամերիկյան ընկերությունները հասանելիություն կունենան մոտ 200 մլրդ դոլարի ռուսական սառեցված ակտիվներին, որպեսզի դրանք ներդնեն ուկրաինական նախագծերում:
Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար:
Ռազմական իրավիճակը
Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին: Սումիում ռուսական հարվածներից երկու մարդ է սպանվել:
Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչուներով խոշոր հարձակում է գործել, այդ թվում՝ Մոսկվայի վրա: «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները աշխատում են սահմանափակումներով:
Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Սև ծովում հարվածել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս կազմող նավթատարի: Ուկրաինական զինուժն առաջին անգամ հարվածել է Կասպից ծովում նավթ արդյունահանող ռուսական հարթակի: