Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործի քննությունը Քննչական կոմիտեն ավարտել և անցած ամիս ուղարկել է դատարան, ու չնայած սպանությունը բացահայտելու պնդումներին, առայսօր անհայտ է, թե ովքեր են պատվիրատուները:
Վահրամ Խորխոռունին սպանվել էր 1998-ի դեկտեմբերին, իր տան շքամուտքի դիմաց․ ըստ Քննչական կոմիտեի՝ Սասուն Առուշանյանը և նրա հանցակիցը 5 կրակոց էին արձակել, որոնցից երեքը Խորխոռունու դեմքի, իսկ երկուսը՝ կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ վերջինս տեղում մահացել էր:
Սպանությունից հետո գործը բացահայտել իրավապահներին չէր հաջողվել, 1998-ին գործին խառնվել էր անգամ Պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով փոխնախարարի սպանությունը բացահայտողին 100 հազար դոլարով պարգևատրել:
Սպանությունից շուրջ 27 տարի անց՝ այս տարվա հուլիսին, Քննչական կոմիտեն հայտարարեց, թե բացահայտել է պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը և ձերբակալել Սասուն Առուշանյանին:
Քննչական կոմիտեն, սակայն, չուներ գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է սպանության պատվիրատուն, և որո՞նք են պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի զինակցի սպանության շարժառիթները:
Այս գործով քննիչ Դավիթ Սարոյանը ամիսներ առաջ Հանրայինին տված հարցազրույցում ասել էր, թե սպանության պատվիրատուին հայտնաբերելու նպատակով դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացնում:
Սպանության պատվիրատուներին դեռ փնտրում են
Այն, որ Խորխոռունու սպանությունը կատարողները հայտնի էին դեռ 27 տարի առաջ, «Ազատության» հետ զրույցում նշել էր այն ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը՝ տեղեկացնելով, որ կասկածվող երեք անձինք, այդ թվում՝ Սասուն Առուշանյանը, նույն գործի շրջանակներում ձերբակալվել էին նաև 1999-ին, բայց ամիսներ անց ազատ էին արձակվել:
Արդյոք ամիսներ տևած նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեն բացահայտել է Խորխոռունու սպանության պատվիրատուներին: Քննչական կոմիտեից «Ազատությանը» այսօր փոխանցեցին, որ «ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ»։
«Չի կարելի խոսել գործի ամբողջական բացահայտման մասին». փաստաբան
Մինչդեռ սպանված պաշտպանության փոխնախարարի լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Մղդեսյանի համոզմամբ՝ առանց պատվիրատուների բացահայտման գործի ամբողջական բացահայտման մասին խոսել չի կարելի:
Հարցին, թե նրա համար գլխավոր հարցը պատվիրատուների բացահայտո՞ւմն է, պատասխանեց՝ միանշանակ՝ հավելելով, որ դա ռեալ է համարում:
Սասուն Առուշանյանն այժմ տնային կալանքի տակ է
Համաձայն դատարան ուղարկված գործի՝ 52-ամյա Սասուն Առուշանյանը Վահրամ Խորխոռունու սպանության կասկածանքով ձերբակալվել էր դեռևս 1999-ի հոկտեմբերին: Սակայն հինգ ամիս անց՝ 2000 թվականի մարտին, այն ժամանակ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերով քննիչ Հակոբ Բաբայանը որոշել էր Առուշանյանին կալանքից ազատել, իսկ քրեական գործը՝ ընդհանրապես կարճել:
Ի՞նչ հիմքով էր քննիչը Առուշանյանին 5 ամիս կալանքի տակ պահելուց հետո գործը հանկարծակի փակել՝ պարզ չէ, սակայն 26 տարի անց սպանության այս գործը վերաբացելուց հետո Քննչական կոմիտեն գործը փակած քննիչ Բաբայանի որոշումը հիմնազուրկ էր որակել, և տեղեկացրել, որ դա ևս քննության առարկա են դարձրել:
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որ ճանաչում էր Սասուն Առուշանյանին և Խորխոռունու սպանության մեջ մեղադրվող մյուս 2 անձանց, «Ազատության» հետ զրույցում ոչ միայն պատվիրատուների բացահայտումն էր կարևորել, այլև թե ում միջնորդությամբ էր այս գործը դեռևս 2000 թվականին կարճվել:
«Հետո խի՞ են բաց թողել, ո՞վ ա եղել էն մեծ պապան, որ կարողացել ա բաց թողի՝ այ դրա մասին խոսեն», - ասել էր Բաբայանը:
Այսպիսով՝ Սասուն Առուշանյանը եթե առաջին անգամ 1999-ին շուրջ 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեց, ապա երկրորդ անգամ արդեն 26 տարի անց, 2025-ի հուլիսին կրկին նույն գործով ձերբակալվելուց հետո կալանքի տակ մնաց 4 ամիս: Դատարանն անցած նոյեմբերին Առուշանյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով և 15 միլիոն դրամի չափով գրավով:
Սասուն Առուշանյանը մեղքը չի ընդունում
53-ամյա Սասուն Առուշանյանի պաշտպան Դավիթ Դալլաքյանն «Ազատությանն» ասաց, որ իր պաշտպանյալը Խորխոռունու սպանության մեջ իրեն մեղավոր չի ճանաչում և պնդում է, որ որևէ առնչություն չի ունեցել նախկին փոխնախարարի հետ: Ինչ վերաբերում է պատվիրատուներին, ապա քրեական վարույթի նյութերում նման հանգամանք չկա:
«Ոչ, չի ընդունում իր մեղավորությունը, ոչ մեղքը չի ընդունում», - ասաց նա:
Ի դեպ, Վահրամ Խորխոռունու սպանության գործը դատարանից դատարան է գնում: Անցած ամիս այն ուղարկվել է ընդհանուր իրավասության քրեական դատարան, սակայն դատավորը որոշել է, որ գործը պետք է քննվի Հակակոռուպցիոն դատարանում: Վերջինս էլ, ըստ տուժողի լիազոր ներկայացուցչի, որոշել է, որ գործն իր ենթակայությամբ քննվել չի կարող, և ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ որոշելու, թե ի վերջո որ դատարանը պետք է քննի 27 տարվա վաղեմության սպանության գործը: