Մատչելիության հղումներ

Կստացվի՝ Բաքվի քմահաճույքի համար փոխում ենք Սահմանադրությունը. Փաշինյանի մեկնաբանությունն ու ընդդիմության արձագանքը


Սահմանադրությունը փոխելու Բաքվի մտահոգությունները հիմնավոր չեն, և այդ հարցով ժողովրդին դիմելու լեգիտիմություն իշխանությունը չունի, այլապես կստացվի՝ դա անում են Ադրբեջանի քմահաճույքով, Գերմանիա այցի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է ասածը:

«Որովհետև Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը, որը հիշատակված է, ի դեպ, խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր Սահմանադրությանը։ Հետևաբար ինչո՞ւ փոխենք մեր Սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք քմահաճույքի համար ուղղակի փոխում ենք Սահմանադրությունը, իսկ քմահաճույքը, բա՞ որ դրանից հետո երկրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, բա՞ որ դրանից հետո երրորդ քմահաճույքը ի հայտ եկավ, ու չորրորդը ու այդպես շարունակ, ի՞նչ ենք անելու», - ասել է նա։

Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին հղումը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրման Բաքվի գլխավոր նախապայմանն է: Սա վարչապետին Գերմանիա այցի ընթացքում հիշեցրել է նաև այդ երկրում Ադրբեջանի դեսպանը: Վարչապետը թե՛ այդ քննարկմանը, թե՛ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դարձյալ ներկայացրել է Երևանի պաշտոնական դիրքորոշումը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին:

«Հայաստանը ուզենա էլ, չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից, ինչո՞ւ, որովհետև այդ համաձայնագրի առաջին հոդվածում, որ արդեն հրապարակային փաստաթուղթ է, գրված է, որ ելնելով այն իրողությունից, որ Խորհրդային Միության հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը», - նշել է նա:


Սրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է՝ խորհրդարանական ընտրություններից հետո նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե են անցկացնելու, ամիսներ առաջ նաև ասել է՝ Անկախության հռչակագիրն էլ իր կարծիքով՝ պետք է հանվի Մայր օրենքից:

Եթե իշխանության համար հստակ է, որ Սահմանադրության նախաբանից Անկախութան հռչակագրին հղումը հանելը Բաքվի քմահաճույքն է, այդ դեպքում ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն ինքն այդ օրակարգից չի հրաժարվում. արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացատրեց. «Նոր Սահմանադրության նախաբանը պետք է համահունչ լինի Սահմանադրության տեքստին և այն ուղղությանը, որը որդեգրելու է Հայաստանի Հանրապետությունը առաջիկա տարիների ընթացքում»:

Հարցին՝ կարծո՞ւմ է՝ Անկախության հռչակագիրը կարող է խնդիր առաջացնել այս իրավիճակում, նախարարն արձագանքեց. «Ես չեմ հայտնում դեռևս հրապարակային իմ կարծիքը, բայց մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այն մասին, որ Հայաստանի Հանրապետության խաղաղությունը վտանգող կամ կասկածի տակ դնող առնվազն ձևակերպումներ, կարծում եմ, որ ավելի ճիշտ է, որ չլինեն առհասարակ մեր օրենսդրական դաշտում»:

Թե ինչով է Անկախության հռչակագիրը խաղաղության օրակարգին վնասում, Սրբուհի Գալյանը չհստակեցրեց, ասաց՝ նախ կսպասի այդ հարցով սահմանադրական փոփոխությունների խորհրդի դիրքորոշմանը: Նաև չասաց՝ համաձա՞յն է վարչապետի հետ, թե Անկախության հռչակագիրը հակապետական փաստաթուղթ է:

«Ես կրկնում եմ, որ իմ կարծիքը հրապարակային կհայտնեմ, երբ որ խորհուրդն ունենա համապատասխան քննարկումներ», - նշեց նա:

Ընդդիմության գնահատմամբ՝ իշխանությանը չի հաջողվում հանրությանը համոզել, որ նոր Սահմանադրության ընդունումը կապ չունի Բաքվի պահանջի հետ: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասում է՝ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեկնաբանություններով առաջիկայում փորձելու է մարդկանց հակառակը համոզել:

«Ալիևի պահանջը դարձել է Փաշինյանի նախընտրական ծրագիր և ներքին առաջարկ ժողովրդին։ Դա է տեղի ունեցել։ Փաշինյանն առաջարկում է լուծարել Երրորդ Հանրապետությունը, ոչնչացնել, որպեսզի դա է միակ ձևը ունենալու նոր Սահմանադրություն, որը Ալիևի պահանջածն է։ Սա է առաջարկում, սրա փաթեթավորումը տարբեր է, բայց մարդկանց սա է առաջարկում։ Արդյոք սա ունի հանրային ընկալում՝ այս պահին ոչ, դրա համար էլ եթե ունենար, Փաշինյանը վաղը կանցկացներ այդ հանրաքվեն: Ինքը գիտի, որ չունի, դրա համար չի անցկացնում, բայց չի հրաժարվում իր ստանձնած պարտավորությունից», - նշեց պատգամավորը:

Չնայած նոր Սահմանադրության նախագիծը մինչ օրս հանրությանը չի ներկայացվել, վարչապետը երեկ դարձյալ համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը նոր Սահմանադրությանը կողմ է քվեարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG