Մատչելիության հղումներ

Զելենսկի. Տարածքային զիջումների հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեով


Տարածքային զիջումների հարցը, որը նախատեսվում է խաղաղության ամերիկյան պլանով, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Դոնեցկի ապագա կարգավիճակի և Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը երկու հիմնական վիճելի հարցերն են, որոնց շուրջ դեռ բանակցում են:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասի այն հատվածը, որտեղից ուկրաինական բանակը պետք է դուրս գա, դարձնել «ազատ տնտեսական գոտի», իսկ Ռուսաստանն առաջարկում է այնտեղ ստեղծել «ապառազմականացված գոտի»։

Ըստ պլանի՝ Դոնեցկից ուկրաինական զորքի դուրս գալուց հետո ռուսականը չպետք է մտնի այնտեղ: Ռուսաստանը, սակայն, չի պարտավորվում իր զորքը դուրս բերել Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում զբաղեցրած դիրքերից, և պետք է դուրս գա միայն Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի այն հատվածներից, որոնք վերահսկում է։ Զելենսկին ասել է, որ սա չի բխում Ուկրաինայի շահերից:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ երեկ տեսակապով կառուցողական քննարկում են ունեցել ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, ինչը, նրա խոսքով՝ ամենակարևոր հարցերից է:

«Մենք աշխատում ենք շրջանակային փաստաթղթի վրա, և այն պետք է բավական ուժեղ լինի, որպեսզի իսկապես գործի։ Կարծում ենք՝ այս փաստաթղթերը պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Սա կնշանակի մեր երկրի համար իրական, ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցում, սակայն հավելել, որ հիասթափված է բանակցությունների տեմպից: ԱՄՆ-ն կմասնակցի եվրոպացի առաջնորդների հետ շաբաթավերջին նախատեսված հանդիպմանը, եթե առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի, ասել է Դոնալդ Թրամփը։

«Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք շաբաթ Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, և կմասնակցենք, եթե համարենք, որ առաջընթացի լավ հնարավորություն կա: Չենք ուզում շատ ժամանակ վատնել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան խոսնակն իր հերթին հայտարարել է, որ նախագահը հոգնել է անիմաստ հանդիպումներից: «Նա գործողություններ է ուզում։ Նա ուզում է, որ այս պատերազմն ավարտվի»,- ասել է Քերոլայն Լևվիթը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան չի տեսել ծրագրի թարմացված տարբերակը և գուցե շատ կետերի հետ չհամաձայնի:

Ու մինչ Վաշինգտոնն ու Կիևը բանակցում են, Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու նպատակով իր սառեցված ակտիվներն օգտագործելու ԵՄ ծրագրերն անօրինական են: Բանկը Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց կներկայացնի բելգիական Euroclear դեպոզիտարիայի դեմ, որտեղ պահվում է այդ ակտիվների մի մասը, և կօգտվի բոլոր հասանելի միջոցներից՝ իր շահերը պաշտպանելու համար։

Երեկ ԵՄ-ն կողմ էր քվեարկել ռուսական ակտիվների սառեցումը երկարաժամկետ դարձնելու նախաձեռնությանը, որպեսզի յուրաքանչյուր վեց ամիս ստիպված չլինի երկարաձգել: Բելգիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այդ ակտիվներն ինչ-որ պահի պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու նպատակով, սակայն, Բելգիան «չի գնա որևէ անխոհեմ զիջման»։

Ֆինանսների նախարար Վինսենթ վան Պետեգհեմի խոսքով. - «Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ՝ մենք որոշ մտահոգություններ ունենք։ Պարզ է, որ ուշադրություն ենք դարձնում սեղանին դրված առաջարկի խոցելի կողմերին, իրավական և ֆինանսական ռիսկերին»:

Այս ընթացքում Ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Պավլոգրադում զոհվել է մեկ, վիրավորվել չորս մարդ: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախագահ Պուտինին զեկուցել է, որ վերցրել են Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքը։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Յարոսլավլում գտնվող նավթավերամշակման գործարանի: Տվերում ուկրաինական անօդաչուների հարվածից բազմահարկ շենք է վնասվել, կա յոթ վիրավոր:

XS
SM
MD
LG